Ղարաբաղյան նոր պատերազմում հաղթող կլինի Ռուսաստանը, իսկ պարտվող` Վրաստանը. Վաշաձե
Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի, ապա հաղթող կլինի Ռուսաստանը, որը մեկընդմիշտ կկարգավորի Հարավային Կովկասի խնդիրը` հօգուտ իրեն: Այս մասին civil.ge-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն` վստահաբար նշելով, որ ղաբարաղյան պատերազմից ամենից շատ կտուժի Վրաստանը, «որի հանդեպ Ռուսաստանը կրկին կփորձի ուժ կիրառել, այս անգամ` Լեռնային Ղարաբաղի շարժառիթով»:
«Մեզ համար կարևոր է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը և այն, որ մեր տարածաշրջանում ռազմական դիմակայություն չլինի»,- ասել է նախարարը` հույս հայտնելով, որ «բոլորը խելամիտ կգտնվեն Անդրկովկասում նոր պատերազմ թույլ չտալու հարցում»:
Վաշաձեի խոսքով` հարևան երկրներում ու տարածաշրջանում խաղաղությունը Վրաստանի շահերից է բխում:
«Մի կողմից, հակամարտությունների աղբյուրների կրճատումն ու մեր շուրջը տիրող անկայունությունը մեծացնում է մեր երկրում գոյություն ունեցող հակամարտությունների լուծման հնարավորությունը: Մյուս կողմից, մեր հարևանների չլուծված խնդիրները բացասաբար են ազդում մեր (Վրաստանի-Tert.am) հակամարտությունների վրա»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:









