ՀՀ-ում դատարանները իրականում արդարադատություն չեն իրականացնում. փաստաբան

15:03 • 28.06.12

Հայաստանի Հանրապետությունում դատարաններն իրականում արդարադատություն չեն իրականացնում և բազմաթիվ խախտումներ են թույլ տալիս, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց փաստաբան Լուսինե Սահակյան:


Նա նշեց, որ այս հանգամանքից տուժում են միայն ՀՀ-ն ու նրա հարկատունները: «ՀՀ-ում շատ են դեպքերը, երբ խախտվում է մարդու ազատության իրավունքը: Երբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, պետությունը նրա ծախսերը հոգում է հարկատուների շնորհիվ: Եթե անձը դիմում է Եվրոդատարան և շահում, ապա պետական բյուջեից կրկին գումարներ են ծախսվում»,- ասաց նա:


Փաստաբանը նշեց, որ որպես խափանման միջոց կալանքը պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում: Նա անընդունելի համարեց այն, որ այսօր, երբ անձը մեղադրվում է որևէ հանցագործության մեջ նրա նկատմամբ մեխանիկորեն կալանք են կիրառում:


«Անընդունելի է, երբ մարդու նկատմամբ չունենալով բավարար ապացույցներ կալանավորում են: Դատարանը որոշ ժամանակ առաջ նախադեպային որոշումներ էր կայացրել, որ այլևս չպետք է առաջնորդվեն կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով, բացառությամբ որոշ դեպքերի, բայց ժամանակի ընթացքում ինքն սկսեց չկատարել իր որոշումը»,- ասաց նա և ավելացրեց, որ այս հարցը ևս ընկած էր հունիսի 11-ին փաստաբանների արած գործադուլի հիմքում:


Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենք պայքարում են հանուն նրա, որ բոլոր դատավորները, որոնք թույլ են տվել խախտումներ, ենթարկվեն պատասխանատվության:


«Հաճախ մեզ՝ փաստաբաններիս, անգրագետ են կոչում, բայց հարց եմ տալիս, այդ ինչպե՞ս է պատահում, որ Եվրոպական դատարանում կարողանում ենք հաղթել և նրանք էլ բազմաթիվ խախտումներ են արձանագրում Հայաստանի դատարանների կողմից քննված գործերում: Բոլոր խախտումները շարունակվելու են, քանի դեռ դատավորները չեն պատժվել, քանի դեռ նրանց գրպանին չենք դիպչել»,- ասաց նա և նշեց, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ավելի անաչառ դարձնել դատավորներին:


Մեկ այլ փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս համաձայնեց վերոնշյալ կարծիքի հետ և ավելացրեց. «Հաճախ ասում են, որ դատավորին պատասխանատվության ես ենթարկում իր սխալի համար, ապա կաշկանդում ես նրա գործունեությունը: Ես համաձայն եմ դրա հետ: Բայց եթե խոսքը ՀՀ դատական համակարգի մասին է, դատավորների պատասխանատվությունը միայն կնպաստի նրանց անկախ լինելուն»,- ասաց նա:


Երվանդ Վարոսյանը նաև նշեց, որ շատ գործերի վճիռներ Վճռաբեկ դատարան ուղղելու հնարավորություն է ունենում, սակայն դա չի անում:


«Մենք ասում ենք՝ Վճռաբեկ դատարան, աշխատի, մենք չենք ուզում դիմել եվրոպական դատարան: Ոչ մեկ չի ստիպում Վճռաբեկին բոլոր գործերը ընդունի ու վարույթ սկսի, բայց մենք ուզում ենք բոլոր այն գործերով, որոնցում ակնհայտ խախտում է տեղի ունեցել` գործ սկսվի»,-ասաց նա: