Եվրոգոտու ճգնաժամը պարզ լուծում չունի. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ հերթական գագաթաժողովի նախօրեին ելույթով է հանդես եկել, որում եվրոպական երկրների նախահներին նախազգուշացրել է «վաղաժամ տրված անիրականանալի խոստումներից», նշելով, որ եվրոգոտու ճգնաժամը «հեշտ և արագ լուծում» չունի:
Փորձագետները նշում են, որ Փարիզում կանցլերի բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեշտ չեն անցնում, քանի որ մայրցամաքի խոշորագույն տնտեսությունների առաջնորդները պարտքային ճգնաժամի հաղթահարման տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ ունեն:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը պարտատերերին նախազգուշացրել էր, որ վարկի ներկայիս բարձր տոկոսադրույքների մակարդակի պայմաններում երկիրը չի կարող երկար սպասարկել իր պետական պարտքը:
Հիշեցնենք ,որ եվրոգոտու ճգնաժամի վերաբերյալ իր մտահոգություններն էր արտահայտել նաև հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ով մասնավորապես հայտարարել էր. «Ֆինանսական հարցերում ԵՄ առաջնորդների միջև տարաձայնություններ կան: Եթե դրանք 3 օրվա ընթացքում չլուծվեն, ապա ես վախենում եմ, որ գագաթաժողովը ձախողված կլինի: Իսկ դա արդեն իսկապես կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»:









