ԱՄՆ-ում առևանգել են փորձարկումների համար նախատեսված կրծողների տեղափոխող բեռնատարը
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի երկու բնակիչ առևանգել են բժշկական փորձարկումների համար նախատեսված 2.000 մկների տեղափոխող բեռնատարը, հայտնում է Associated Press-ը: Կրծողների ընդհանուր արժեքը մոտ 10.000 դոլար է:
Վարորդը թողել է բեռնատարը Սենթ-Չարլզ քաղաքի Red Roof հյուրանոցի ավտոկայանատեղիում ու գնացել սնվելու, սակայն շարժիչը միացրած է թողել` մկներին անհրաժեշտ ջերմաստիճանով ապահովելու համար: Շուտով հյուրանոցի աշխատակիցները նկատել են, թե ինչպես են 2 չարագործներ կոտրել մեքենայի ապակին, ներս մտել ու առևանգել այն:
Արբանյակային նավիգացիոն համակարգի շնորհիվ` ոստիկաններին հաջողվել է հետապնդել նրանց ու ձերբակալել: Նրանք եղել են նահանգի 23 և 30 տարեկան թմրամոլ բնակիչներ:
Մկները չեն տուժել ու բարեհաջող տեղ են հասցվել:









