«Սպայկան» դադարեցնում է ծիրանի և կեռասի մթերումները

21:31 • 28.06.12

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հաշվի առնելով Արարատի և Արմավիրի մարզերում բերքի առատությունը և միաժամանակյա հասունացումը ընկերությունն ստիպված է եղել այս ընթացքում մթերել պլանավորված քանակից ավելի շատ բերք և այժմ շրջանառու միջոցների սղության պատճառով հունիսի 29-ից դադարեցնում է ծիրանի և կեռասի մթերումը։


«Ներկայումս պետական ատյանների հետ բանակցություններ են ընթանում շրջանառու միջոցները հրատապ կերպով համալրելու վերաբերյալ: Ընկերությունը կարող է վերսկսել մթերումը հարցի դրական լուծման պարագայում:


Հարցի կարևորությունը պայմանավորված է ոչ միայն ծիրանի ու կեռասի մթերմամբ, այլև վտանգված են ընկերության կողմից 2012թ.-ի պլանավորված թարմ միրգ և բանջարեղենի ողջ մթերումները:


Խնդրում ենք ֆերմերներին ըմբռնումով մոտենալ և ապավինել սեփական ուժերին գյուղմթերքի սպառումը իրականացնելու հարցում»,– ասված է ընկերության հաղորդագրության մեջ: