Ոստիկանության երեք աշխատակիցներ հեռացվել են համակարգից՝ եկեղեցու պահակին ծեծելու համար. նրանցից երկուսը ձերբակալվել են

20:28 • 28.06.12

ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել են Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանը, ոստիկանության մայոր Դերենիկ Բալեյանը և ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը:



Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 27-ին այս երեք ոստիկանները Նորք Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում ծեծի են ենթարկել նշված եկեղեցում որպես պահակ աշխատող 63-ամյա Հարություն Ավետիսյանին:



Ֆոտոլրագրողը հայտնում է , որ երեք ոստիկանները բժշկական փորձաքննության են ենթարկվել և պարզվել է, որ եղել են ոչ սթափ վիճակում:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Հ. Ավետիսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հարուցված քրեական գործի շրջանակներում քիչ առաջ Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվեցին, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, քանի որ ըստ Շամշյանի տեղեկությունների, վերջինս փորձել է հանդարտեցնել ոչ սթափ ոստիկաններին:

 

Եկեղեցում մոտ հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, թե. «Ճիշտ է ասել ՀՀ Ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը, որ նման մարդիկ իրավունք չունեն մեր զավակների ոստիկանը կոչվել»:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի