Շիրակի մարզում «ՎԱԶ 2107»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային և փորձել ծլկել, բայց նրան չի հաջողվել (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Մեսրոպյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի 26 ՕՕ 526 համարանիշի ավտոմեքենան՝ Արթիկ-Մարալիկ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Պեմզաշեն գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղի բնակիչ 16-ամյա Վաչագան Հակոբյանին, որից հետո նրան իր ավտոմեքենայով տեղափոխել Տուֆաշեն գյուղի սկզբնամաս, իջեցրել ավտոմեքենայից և հեռացել:
Նշվածի կապակցությամբ վրաերթից որոշ ժամանակ անց Վ. Հակոբյանի մայրը՝ Թամարա Գրիգորյանը Ոստիկանության Արթիկի բաժնում հայտարարություն է տվել: Դրանից հետո Ոստիկանության Արթիկի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Ա. Մեսրոպյանը իր մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել Ոստիկանության Արթիկի բաժին:
Վթարի արդյունքում մասամբ վնասվել է «ՎԱԶ 2107»-ի դիմապակին:
Վ. Հակոբյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր, իսկ Ա. Մեսրոպյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյան









