Սիրիայում պատերազմին վերջ տալու հարցում համաձայնության կգա՞ն, արդյոք, ԱՄՆ-ն ու ՌԴ-ը. The Times

11:59 • 28.06.12

Միացյալ Նահանգները սառն է վերաբերվում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանի նախաձեռնությամբ Ժնևում շաբաթ օրը կայանալիք` Սիրիայի հարցով հանդիպմանը, գրում է The Times-ը:


Հանդիպման նպատակը Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման պայմանների շուրջ միասնական կարծիքի գալն է:

«Սակայն նույնիսկ կարևորագույն դերակատարները` Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, չեն կարողանում պայմանավորվել հակամարտության լուծման մեխանիզմի հարցում»,- գրում է հոդվածագիր Թոնի Քեյրոնը:


Ի հավելում` Իրանն ու Սաուդյան Արաբիան չեն մասնակցի հանդիպմանը, քանի որ հրավիրված չեն: Անանի կարծիքով` Իրանը պետք է մասնակցի կարգավորմանը, սակայն դրան կտրուկ դեմ է ԱՄՆ-ի վարչակազմը: Իսկ Սաուդյան Արաբիային Անանը չի հրավիրել` Ռուսաստանին ընդառաջ գնալու համար: Մոսկվան հավաստիացնում է, որ այն երկրները, որոնք զինում ու ֆինանսավորում են սիրիացի ապստամբներին, մեծ պատասխանատվություն են կրում իրավիճակի սրման համար:


«Վաշինգտոնում շատերը սիրիական խնդիրն ընկալում են նույն կերպ, ինչ Սաուդյան Արաբիայում` ձգտում են Ասադի (Սիրիայի նախագահ) հեռացմանը, ով արաբական աշխարհում Իրանի գլխավոր դաշնակիցն է, ու հենց այն նպատակով, որ թուլացնեն Թեհրանին»,- գրում է հոդվածագիրը:
 

ՄԱԿ-ի ու ԱԵԼ-ի հատուկ պատվիրակի զգուշավորությունը դժվար թե ի գիտություն ընդունվի, գրում է թերթը: Փակուղային իրավիճակն է’լ ավելի է խորանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների պատճառով:

«Շրջանառվող լուրերի համաձայն` Օբամայի վարչակարգը նույնիսկ մտադիր էր հայտարարել, որ չի մասնակցի ժնևյան հանդիպմանը, եթե Ռուսաստանը հավանություն չտա Ասադի հրաժարականի կոչին»,- գրում է հոդվածագիրը` հավելելով, որ հանդիպումից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ: