Ամերիկացիներին թույլատրել են ստել մարտական պարգևների առկայության մասին

16:13 • 29.06.12

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Գողացված զինվորական փառքի մասին» (Stolen Valor Act) օրենքը, որն ուժի մեջ է մտել 2006թ.-ից, գրում է The New York Times-ը:
Փաստաթուղթը տուգանք կամ 1 տարվա ազատազրկում էր սահմանում այն ամերիկացիների համար, ովքեր սուտ հայտարարություն կանեին այն մասին, թե ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված զինվորական պարգև են ստացել: Կարևոր չէր` սուտասանը գրավոր, թե բանավոր կերպով է նման հայտարարություն արել:

 

Իսկ օրենքի չեղարկման պատճառը Խավիեր Ալվարեսի գործն է դարձել: Նա եղել է Հարավային Կալիֆորնիայի ջրտնտեսության շրջանային վարչության անդամ և 2007թ.-ին հանրային ժողովի ժամանակ հայտարարել է, որ պարգևատրվել է ԱՄՆ բարձրագույն զինվորական պարգևով` Պատվո շքանշանով: Հետագայում պարզ է դարձել, որ նա ստել է:

Սակայն, երբ նրան փորձել են պատասխանատվության ենթարկել, նրա փաստաբանները բողոքարկել են «Գողացված զինվորական փառքի մասին մասին» օրենքը` հայտարարելով, որ այն հակասում է Սահմանադրության առաջին փոփոխությանը, որը երաշխավորում է յուրաքանչյուր անձի ազատ խոսքի իրավունքը:

 

Երկար քաշքշուկներից հետո, Գերագույն դատարանը փաստաթուղթը հակասահմանադրական է ճանաչել և չեղարկել այն: