Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Իրանում իր քաղաքացիներին մահապատժի ենթարկելու մասին լուրը

09:40 • 29.06.12

Հունիսի 27-ին իրանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Իրանում մայիսի 2-ին ձերբակալված ադրբեջանցի պոետներ Ֆարիդ Հուսեյնն ու Շահրիյար Հաջիզադեն մահապատժի կենթարկվեն, իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը:

 


Նրա խոսքով` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և Թավրիզում երկրի հյուպատոսություն է ներկայացրել Ադրբեջանի քաղաքացիներին «հանցագործություն կատարելու փորձի» մեղադրանքով ձերբակալման մասին կարճ տեղեկություն: Սակայն, ըստ Աբդուլաևի, հաղորդագրության մեջ չի նշվել, թե կոնկրետ ինչ հանցագործություն էին նրանք պատրաստվում իրականացնել:

 

«Նման լուրերը միտված են Ադրբեջանի հասարակության ապակողմնորոշմանն ու լարվածության ստեղծմանը: Տեղեկությունը բացարձակ անհիմն է»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

 

Ի դեպ, Ադրբեջանն այս կապակցությամբ արդեն 5-րդ բողոքի նոտան է հղել իսլամական հանրապետությանը, որով առաջարկվում է հանդիպում կազմակերպել ձերբակալվածների ու ադրբեջանցի դիվանագետների հետ և հստակություն մտցնել նրանց ներկայացված «հանցագործություն կատարելու փորձի» մասին մեղադրանքում: