Ամերիկյան քաղաքներում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին գքրի շնորհանդեսը
Հուլիսի 16-ին Լոս Անջելեսի Universal Sheraton Hotel-ում, տեղի կունենա ճաշկերույթ-շնորհանդես, որի ընթացքում կկատարվի ամերիկահայ անվանի արձակագիր Քրիս Բոհջալյանի «Ավազի ամրոցի աղջիկները» նոր գրքի շնորհանդեսը:
Հուլիսի 17-ին սպասվում է գրքի շնորհանդեսը Սան Ֆրանցիսկոյում: Ապա՝ Ուոթերթաունում, Նյու Ջերսիում, մայրաքաղաք Վաշինգտոնում և այլուր: Միջոցառումներին ներկա կլինի հեղինակը: Վաշինգտոնում միջոցառմանը ներկա կլինեն նաև իրենց հայանպաստ գործունեությամբ աչքի ընկած կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ռոբերտ Դոլդը:
Նախաձեռնությունը համատեղ իրականացնելու են Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, Ցեղասպանության կրթական նախագիծը և Doubleday Books հրատարակչությունը:
Սա «Մանկաբարձուհին» բեսթսելլերի հեղինակ Քրիս Բոհջալյանի 14-րդ վեպն է: Սյուժեն կառուցվում է ցեղասպանությունից մազապուրծ, Հալեպում հայտնված ինժեներ Արմեն Պետրոսյանի և ամերիկուհի Էլիզաբեթ Էնդիքոթի սիրավեպի վրա:










