Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակը վերահաստատում է. այս ընտրություններն ավելի լավն էին անկախությունից ի վեր եղածներից
Tert.am-ը նախօրեին տեղեկացրել էր, որ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում էր ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ:
Զրուցակիցները ի թիվս ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի, անդրադարձ էին կատարել նաև ս.թ. մայիսի
6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:
Եվ ահա մի հետաքրքիր դրվագ է արձանագրվել նշված հանդիպման վերաբերյալ՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության և Եվրոպական միության կայքում եղած՝ նշված հանդիպման արձանագրության համեմատության առումով:
Խնդիրն այն է, որ առաջին դեպքում նշվում է, որ Քեթրին Էշթոնը նշել է, թե վերը նշված ընտրությունները լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում, ինչը, սակայն, բացակայում է ԵՄ կայքում եղած արձանագրությունում:
«Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը նշել է, որ կարևոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեև կայացած խորհրդարանական ընտրությունները, տիկին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում»,- նշված էր ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մինչդեռ ԵՄ կայքում հայաստանյան ընտրությունների վերաբերյալ կարդում ենք հետևյալը. «Նա (Քեթրին Էշթոնը – Tert.am) ողջունեց հայկական իշխանությունների ջանքերը՝ վերջին խորհրդարանական ընտրություններն ավելի թափանցիկ և մրցակցային միջավայրում կազմակերպելու համար, բայց ընդգծեց մի շարք խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը, որոնք արտացոլվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցում՝ ամբողջապես ապահովելու համար միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափորոշիչներ՝ 2013թ. նախատեսված նախագահական ընտրությունների ժամանակ»: Ընտրությունների վերաբերյալ այլ բան ԵՄ կայքում եղած փաստաթղթում նշված չէ:
Այս տարբերությունը հասկանալու համար Tert.am-ը նշված հատվածները ներառող նամակ է հղել Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիջանչիչին՝ պարզաբանումներ խնդրելով նշված տարբերության վերաբերյալ, ինչին ի պատասխան ստացվել է հետևյալը. «Հարգելի, գործընկեր, ես չեմ տեսել Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրությունը և, հետևաբար, մանրամասն մեկնաբանել չեմ կարող: Բայց մի բան հստակ է, ոչ մի անհամաձայնություն չկա հետևյալ մտքի հետ. «Այս ընտրություններն ավելի լավն էին անկախությունից ի վեր եղածներից: Բայց, իհարկե, շատ աշխատանք կա անելու, ինչպես ընդգծված էր ԵԱՀԿ-ի՝ անցյալ շաբաթվա զեկույցում»»:









