Հայտնի է ՀԱՊԿ-ից Ուզբեկստանի դուրս գալու պատճառը
Ուզբեկստանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս է գալիս Աֆղանստանի հարցով ծրագրերի հետ անհամաձայնությունների պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» թերթը, հայտնել է Ուզբեկստանի արտգործնախարարության աղբյուրը:
«Մեզ ձեռք չեն տալիս Աֆղանստանին ուղղված ՀԱՊԿ-ի ռազմավարական ծրագրերը: Ուզբեկստանը նախապատվություն է տալիս այս երկրի հետ երկկողմ համագործակցությանը: Բացի այդ, Տաշքենդին դուր չեն գալիս նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմական համագործակցության ուժեղացմանը միտված ծրագրերը»,- թերթին ասել է աղբյուրը` հավելելով, որ այս կապակցությամբ արդեն նոտա է հղվել կառույցին:
Ուզբեկստանն արդեն մեկ անգամ` 1999թ.-ին, լքել է կառույցը, սակայն 2006թ.-ի օգոստոսին վերականգնել է անդամակցությունը:
Երկրի` կառույցից դուրս գալու մասին լուրերը հայտնվել էին դեռ նախորդ տարվա հոկտեմբերից, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրներին առաջարկեց կողմնորոշվել կառույցին Ուզբեկստանի հետագա մասնակցության հարցում, քանի որ Տաշքենդը ռազմաքաղաքական միության շրջանակում չի վավերացրել և ոչ մի էական փաստաթուղթ:
Ուզբեկստանի` կառույցը լքելուց հետո, կազմակերպությունը կունենա 6 անդամ երկիր` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան ու Տաջիկստան:









