Վրաստանն ու Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիան համագործակցության հռչակագիր են ստորագրել
Վրաստանն ու Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիան առևտրի և ներդրումային ոլորտում համագործակցության հռչակագիր են ստորագրել, հայտնում է apsny.ge-ն: Փաստաթղթի ստորագրման արարողությունը կայացել է Շվեյցարիայում, որտեղ աշխատանքային այցով գտնվում է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:
Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ են Շվեյցարիան, Նորվեգիան, Իսլանդիան ու Լիխտենշտեյնը: Փաստաթուղթը դիտարկում է ներդրումային ոլորտում համագործակցություն ու այս երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի ձևակերպում:
Լրագրողների հետ զրույցում Կոբալիան ասել է, որ սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական որոշում է, քանի որ Վրաստանին հնարավորություն է ընձեռվում իր ապրանքն արտահանել ասոցիացիայի անդամ երկրների շուկաներ:
«Մեզ նաև հնարավորություն է տրվում արտահանման դիվերսիֆիկացիա իրականացնել այլ երկրներ և կախյալ չլինել միայն մեկ տարածաշրջանից»,- ասել է նախարարը:
Շվեյցարիայի էկոնոմիկայի դաշնային վարչության նախագահ Յոհան Շնայդեր-Ամանի խոսքով` Վրաստանը մեծ պոտենցիալ ունի:
«Մենք պատրաստվում ենք խորացնել մեր համագործակցությունը: Հուսով եմ, որ մոտ ժամանակներում մենք կհասնենք ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման»,- ասել է նա:









