Հունգարացի հակասեմիթ պատգամավորը պարզել է, որ հրեա է. Le Huffington Post
Հունգարիայի «Յոբիկ» («Հանուն լավ Հունգարիայի») ուլտրաաջ կուսակցության համանախագահներից Չանադ Սեգեդին, ով հայտնի է իր հակասեմական ու հակագնչուական հայացքներով, վերջերս խոստովանել է, որ հրեական արմատներ ունի: Այս լուրը սոցիալական ցանցերում դարձել է թեժ քննարկման առարկա, գրում է Le Huffington Post-ը:
«Վերջերս եմ իմացել, որ ունեմ հրեական ծագմամբ հարազատներ: Մեծ նորություն էր»,- կուսակցությանը մոտ գտնվող «Բարիկադ» թերթին տված հարցազրույցում ասել է նա:
«Ես չեմ ասում, որ դա ինձ զարմացրել է»,- ասել է կուսակցության առաջնորդը` հավելելով, որ նրան ժամանակ է պետք լուրը «մարսելու» համար:
Նման լուրը ծայրահեղական կուսակցությանը դրել է անհարմար դրության մեջ, ինչի առիթով մեկ այլ համանախագահ Գաբոր Վոնան ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Չանադ Սեգեդին «կպահպանի իր բոլոր պաշտոնները»:
«Կարծում եմ` գլխավորը ոչ թե այն է, որ դու զտարյուն հունգարացի լինես, այլ այն, թե ինչպես ես դրսևորում քեզ որպես հունգարացի»,- ասել է Սեգեդին:
Վերջերս նրա կուսակիցներից մեկն առաջարկել է նրան գենետիկ թեստ անցնել` ապացուցելու համար, որ համակուսակցի երակներով հրեական կամ գնչուական արյուն չի հոսում:
Քաղաքական գործչի` հրեական արմատներ ունենալու մասին լուրից սոցցանցերում ոմանք ցնցվել են, ոմանք` զվարճացել:
«Չի կարող պատահել, որ Սեգեդին չի իմացել, որ իր տատը Հոլոքոստը վերապրած հրեա է»,- գրել է Narancs.Hirado բլոգը:
Ինչպես կարծում է խոշորագույն Index.hu կայքը, այս պատմության բարոյախոսությունը նրանում է, որ «հիմարությունը կապ չունի գենետիկ ժառանգության հետ»:
«Սեգեդի, դու խայտառակություն ես բոլոր հունգարացիների ու հրեաների համար, դու պետք է հեռանաս բոլոր պաշտոններից»,- գրում է բլոգը:









