Եվրոգոտին այսօր կքննարկի ֆինանսական շուկաների բարելավմանն ուղղված միջոցառումների հարցը

08:25 • 29.06.12

Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում եվրոգոտու երկրների առաջնորդներն Իսպանիայի ու Իտալիայի խնդրանքով այսօր կքննարկեն ֆինանսական շուկաների բարելավմանն ուղղված կարճաժամկետ միջոցառումների մշակման հարցը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այդ միջոցառումները կուղղվեն այդ թվում նաև եվրոգոտու այս երկու անկայուն պետությունների պարտքերի նվազմանը:

«Այս պահից սկսած` մենք պատրաստվում ենք սկսել եվրոգոտու կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումները»,- ասել է նախագահը:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իսպանիան այս շաբաթ պաշտոնապես դիմել էր Եվրամիությանը` իր բանկերի վերակազմավորման համար գումարներ հատկացնելու խնդրանքով: Ներդրողները մտավախություն ունեն, որ օգնությունը կարող է պահանջվել երկրի ողջ տնտեսությանը: Բացի այդ, նրանք վախենում են նաև Իտալիայի տնտեսական կայունության համար: