ԲՀԿ-ի հետ համագործակցության շուրջ ՀԱԿ-ում տարաձայնություններ ժամանակին եղել են, հիմա չկան. Լևոն Զուրաբյան

14:08 • 29.06.12

ՀԱԿ-ի ներսում երկճեղքում չկա, Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տարաձայնություններ՝ առավել ևս: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Որևէ թև գոյություն չունի: Ցանկացած հարցի շուրջ տարբեր տեսակետներ լինում են, սակայն նման երկփեղկվածություն գոյություն չունի»,-ասաց նա: Զուրաբյանը խոստովանեց, որ նման քննարկումների ընթացքում ժամանակին տարաձայնություններ եղել են, սակայն հիմա նման այդպիսիք չկան:



Իսկ տարաձայնությունները, ըստ նրա, զուտ մարտավարական առումով են եղել և վերաբերվել են նրան, թե ինչքանով ճիշտ է խոսել ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին: Զուրաբյանը հստակեցրեց, որ վերջին հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ամենի վերջակետը դրել է:


ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործի առիթով Նիկոլ Փաշինյանի վերլուծության շուրջ բանավեճ, այդուհանդերձ, եղել է, իսկ վերջաբանի մասին նա խոսել չցանկացավ. «Այդ կապակցությամբ շատ լուրջ և առողջ բանավեճ տեղի է ունեցել, որին ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Զուրաբյանին զարմացնում է այն դիտարկումները, թե առաջին նախագահի ելույթը հերթական մեսիջն էր ԲՀԿ-ին: «Փորձում եք տակը փնտրել, երբ ամեն ինչ բաց ներկայացվեց: Տեր- Պետրոսյանն այնքան բաց խոսեց, որ ավելացնելու բան չկա: Ինչ-որ կա, վերևն է»,- ասաց նա:


Դավիթ Շահնազարյանի պասիվության մասին մեկնաբանություն նույնպես Զուրաբյանը չտվեց: Նա որպես ՀԱԿ համակարգող համաձայնվեց, որ ՀԱԿ-ի առանցքային դեմք հանդիսացող Շահնազարյանը վերջին շրջանում իսկապես շարժման մեջ պասիվ է, բայց միևնույն ժամանակ նշեց, որ Շահնազարյանը իրեն չի լիազորել պատասխանելու լրագրողների հարցերին, թե ինչու:


«Խորհուրդ կտայի նույն համառությամբ ավելի ճիշտ պատասխանները ստանալ հենց իրենից»,-ասաց նա, իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ճիշտ է , որ նա մեկնում է ԱՄՆ, Զուրաբյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում և չի կարծում, որ դա ճիշտ է: