Չինաստանում կործանված ինքնաթիռի օդաչուն դեպքի վայրից փախուստի է դիմել

20:32 • 29.06.12

Չինաստանում հրապարակվել է Իչուն քաղաքում 2010թ.-ին տեղի ունեցած ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքները քննող հանձնաժողովի զեկույցը: Այդ աղետից 44 մարդ էր զոհվել, հաղորդում է Associated Press գործակալությունը:

 

Զեկույցի համաձայն, աղետի պատասխանատուներից մեկը` անձնակազմի հրամանատարն է եղել, ով դեպքից անմիջապես հետո լքել էր աղետի վայրը:


Ինչպես պարզել է քննությունը, Henan Airlines ավիաընկերության Embraer E-190 ինքնաթիռի թռիչքն իրականացվել է վատ տեսանելիության պայմաններում մառախուղի պատճառով:


Չկարողանալով հստակ տեսնել թռիչքուղու սահմանները, օդանավի հրամանատար Ցի Ցյուանցզյունը խախտելով որոշումների կայացման կարգը վայրէջք իրականացնելու որոշում է ընդունել: Արդյունքում ինքնաթիռը բախվել է գետնին, չհասնելով վազքուղու սահմանին, ինչից հետո բռնկվել: Քննությունը պարզել է, որ Ցի Ցյուանցզյունը իր գործընկերներին և ուղևորներին օգնություն չի ցուցաբերել և անմիջապես լքել է աղետի վայրը:


Հանձնաժողովը նշել է, որ անհրաժեշտ է համարում հետ կանչել օդաչուի արտոնագիրը, հեռացնել ավիաընկերությունից, ինչպես նաև հեռացնել Չինաստանի կոմունիստական կուսակցության շարքերից: Բացի այդ նրա նկատմամբ պահանջել են քրեական գործ հարուցել:


Բացի Ցի Ցյուանցզյունից աղետի մեջ մեղավոր են համարվում ևս 18 մարդ, Henan Airlines-ի և նրա հիմնական բաժնետեր Shenzhen Airlines-ի աշխատակիցներ, ինչպես նաև քաղավիացիայի կարգավորման համար պատասխանատու կառույցի աշխատակիցներ:


Մասնավորապես, ինչպես պարզվել է, ավիակարգավարներից մեկը սխալմամբ Henan Airlines-ն ոչ ճիշտ տվյալներ է հաղորդել ժամանման օդանավակայանում եղանակային պայմանների վերաբերյալ:

 

Ինչ վերաբերվում է ավիափոխադրողին, ապա ընկերությունը մեղադրվում է կեղծված փաստաթղթերով` օդաչուների աշխատանքի ընդունելու մեջ: Քննության ընթացքում նման 200 կեղծ օդաչու է բացահայտվել: