Երևանում կաշառակերության համար ձերբակալվել է համատիրության կին ճարտարագետը՝ համատիրության նախագահի ցուցումով

13:43 • 29.06.12

Երեկ՝ հունիսի 28-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Աէրացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը:


Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Ա. Կարապետյանը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով` «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար:


Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: