Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է ԼՂ այցելող անձանց մասին օրենք ընդունել
Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) այսօրվա նիստում պատգամավոր Գանիրա Փաշաևան առաջարկել է Լեռնային Ղարաբաղ այցելող անձանց մասին օրենք ընդունել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ ադրբեջանցի պատգամավորի` տարբեր երկրներից պատգամավորներ, քաղաքական գործիչներ, գործարարներ Լեռնային Ղարաբաղ են այցելում «ապօրինաբար»` «խախտելով միջազգային իրավունքի նորմերը», ինչի համար Ադրբեջանում հայտարարվում են «պերսոնա նոն գրատա», ինչն էլ հարուցում է ԼՂ այցելած անձանց դժգոհությունը:
Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում այս թեմայի շուրջ ադրբեջանցիները թեժ վեճ են ունեցել ֆրանսիացի մի խորհրդարանականի հետ, միայն այն բանի համար, որ վերջինս այցելել է ԼՂ` «առանց Ադրբեջանի թույլտվության»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին սպասվում են նախագահականն ընտրություններ, ինչի կապակցությամբ ադրբեջանցի պատգամավորը սպառնացել է , որ «այսպես կոչված «ընտրություններին» այցելող յուրաքանչյուր անձ կհայտարարվի «պերսոնա նոն գրատա»:









