ՄՏՍ-ի ուզբեկական «դստերը» 1,27 մլն դոլարի հարկային պարտավորություններ են ներկայացրել
Ուզբեկստանում երկրի գլխավոր դատախազությունը հարկային պահանջներ է ներկայարել «ՄՏՍ» ՍՊԸ-ի ուզբեկական մասնաճյուղ «Ուզդունռոբիտա» ընկերությանը (աշխատում է «ՄՏՍ-Ուզբեկստան» ապրանքանիշով) 2,4 մլրդ սում կամ 1,27 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Ընկերության բոլոր ստորաբաժանումներում առգրավվել են փաստաթղթերը, ձերբակալվել և հարցաքննվում են ղեկավար աշխատակազմը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Մասնավորապես, ձերբակալված են ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Դաութովը, ով ՌԴ քաղաքացի է, ինչպես նաև «Ուզդունռոբիտա»-ի ֆինանսական տնօրեն Տեմիրմալիկ Ալիմովը:
Ինչպես նշում է ՄՏՍ-ը, նշյալ միջոցառումները իրականացվում են հանրապետության գործող օրենսդրության խախտումներով և վտանգում են ընկերության բնականոն գործունեությունը երկրում:
Ընկերության մենեջերական կազմի ձերբակալությունը և բնօրինակ փաստաթղթերի առգրավումը խոչընդոտում է «Ուզդունռոբիտա»-ի օպերացիոն աշխատանքը, մասնավորապես, օպերատորը չի կարողանում վճարային քարտերի պատվերները իրականացնել:
Նման պայմաններում ընկերությունը շարունակում է սպասարկել ավելի քան 9 մլն օգտատիրոջ, կամ Ուզբեկստանի բնակչության մեկ երրորդին:









