Հազար ձիաուժ հզորությամբ Nissan GT-R-ը ամենօրյա օգտագործման ավտոմեքենա են դարձրել (լուսանկարներ)

01:14 • 29.06.12

Ամերիկյան Switzer թյունինգ ստուդիան ճանապարհ է դուրս բերում հազար ձիաուժ հզորությամբ Nissan GT-R-ներ: Ultimate Street Edition անվանումով նախագիծը նախատեսված է ընդհանուր օգտագործման ճանապարհներին վարելու համար, չնայած նրան, որ կապոտի տակ հազար ձիերից կազմված «երամակ» է խտացված:


Switzer-ը երկու տարի առաջ արդեն թողարկել էր մի էքստրեմալ GT-R, որը համալրվում էր R1KX հզորացման փաթեթով: Նման կերպ կատարելագործված Nissan GT-R-ը 1200 ձիաուժ հզորություն է ստանում, սակայն նման հրեշները ադապտացված չէին սովորական ճանապարհներին և կիրառելի էին միայն մրցուղիներում հաղթանակներ բերելու համար:


Սուպերմեքենան պահպանել է գործարանային շարժիչի 3,8լ աշխատանքային ծավալը, սակայն փոխվում է դրա ներքինը գրեթե ամբողջությամբ: Բացի այդ, շարժիչը ստանում է երկու հսկայական տուրբոներմղիչներ և ուժեղացված փոխանցումատուփ, որը ունակ է մարսել այդ ահռելի հզորությունը:


Switzer-ի տնօրեն Թիմ Շվիտցերը նշում է, որ իրենց ստեղծած նոր հրեշը հանգիստ վիճակում նման է մի փիսիկի, որը պատրաստ է ցանկացած պահի վերափոխվել մռնչող առյուծի, որի գնի մասին դեռ որևէ տեղեկություն չկա: