Օրյոլում 40 հանցանքի, այդ թվում` հայի սպանության մեջ մեղադրվող բանդայի դատավարությունը սենսացիոն ավարտ է ունեցել

12:24 • 29.06.12

ՌԴ-ի Օրյոլ քաղաքում ավարտվել է 4 տասնյակ հանցագործությունների, այդ թվում` Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող 12 այսպես կոչված «օրլովյան պարտիզանների» դատավարությունը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Քննությունն ու Զինվորական դատախազությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սպաներից կազմված խմբին համարելով նացիստական խմբավորում` նրանց համար պահանջել են ծանրագույն պատիժ` ավելի քան 10 տարվա ազատազրկում շարքային անդամների, մինչև 22 տարվա ազատազրկում էլ պարագլխի` Վիկտոր Լուկոնինի համար:


Սակայն գործը քննող Շրջանային 3-րդ զինվորական դատարանը նրանց նացիստական բանդա չի ճանաչել և, մեղմացնելով գրեթե բոլոր մեղադրանքները, ազատազրկման է դատապարտել 12 անդամներից միայն 5-ին:


Դատավորները, միմյանց փոխարինելով, վճիռն ընթերցել են երեկ առավոտյան ժամը 10.00-ից մինչև երեկոյան մոտ 19.00-ն: Հանցախմբին վերագրված հանցագործությունները կատարվել են 2009-2010թթ.: Դրանցից մեկի համաձայն` նրանք մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սամվել Նգոյանի սպանության ու նրա եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: «Օրլովյան պարտիզանները» եղբայրներին կասկածում էին, թմրանյութերի վաճառքի մեջ: Բանդայի 3 անդամները նախ կրակել են նրանց վրա, ապա սկսել դանակահարել նրանց:


Մյուս հանցագործության ժամանակ նրանք ադրբեջանցիներին պատկանող «Ինդիրա» սրճարանում ինքնաշեն ռումբ են գործի դրել, որի հետևանքով վիրավորվել է 4 մարդ: Թերթի տվյալներով` պատճառը, իբր, սրճարանի մշտական այցելուների կողմից տեղի բնակիչների ու անցորդների վրա հարձակումն է եղել:


Դատարանի վճռով` ճաղերի ետևում է հայտնվել 12 մեղադրյալներից միայն 5-ը: Դատարանը նրանց գործողություններում բանդիտիզմի ու ատելության սերմանման հատկանիշներ չի տեսել: Բացի այդ, Սամվել Նգոյանի սպանությունը դատավորները համարել են ոչ թե սպանություն, այլ` ծանր մարմնական վնասվածքների հասցնում: Ուշագրավ է այն, որ յուրաքանչյուր դրվագի վճիռն ընթերցելիս դատարանն այս կան այն կերպ մատնանշել է, որ հանցագործությունները կատարվել են կովկասցիների կամ ուժային կառույցների ներկայացուցիչների հանդեպ ատելության հողի վրա, սակայն դրանով հանդերձ ատելության սերմանման հատկանիշներ նրանց գործողություններում չեն հայտնաբերել:

 

Ամենածանր պատիժը ստացել է խմբի` հայերի վրա հարձակում կատարած գլխավոր մեղադրյալը` Իլյա Բագրովը: Նա արժանացել է 16 տարվա ազատազրկման` մեղադրող կողմի առաջարկած 21 տարվա փոխարեն: