Ֆիլիպինցին ԱՄՆ-ի քաղաքացի է դարձել 102 տարեկանում` երկիր ժամանելուց 84 տարի անց
Ծագումով ֆիլիպինցի Ժակուին Արսիագո Գուզմանը ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել Նահանգներ ժամանելուց 84 տարի անց` 102 տարեկանում, գրում է Daily Mail-ը:
Գուզմանին` քաղաքացիություն շնորհելու «պատմական» պահին ներկա է եղել մոտ 7300 մարդ: Նա Ամերիկա է եկել հեռավոր 1928 թ.-ին, երբ դեռ 18-ամյա պատանի էր և գումար վաստակելու համար Սան Ֆրանցիսկոյում կաղամբ և հազար է սկսել հավաքել:
Ֆիլիպինցու դեպքն ուշագրավ է նրանով, որ ըստ ԱՄՆ-ի Քաղաքացիության և ներգաղթի ծառայության տվյալների` ողջ երկրում ընդամենը 27 մարդ կա, որ վերջին 50 տարիների ընթացքում քաղաքացիություն է ստացել 100-ն անց տարիքում:
Ծառայության ներկայացուցիչը նշել է, որ առայսօր ամենամեծ տարիքում ԱՄՆ-ի քաղաքացիություն ստացած մարդը եղել է 117-ամյա հայազգի Մանիկ Բոկչալյանը Լոս Անջելեսի Վեն Նայզ շրջանից, ով մահացել է 118 տարեկանում:









