Սպանություն Իջևանի «Մարմար» ռեստորանային համալիրում (լուսանկարներ, տեսանյութ)

11:03 • 29.06.12

Երեկ՝ հունիսի 28-ին, ժամը 23.40-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են Ոստիկանության Իջևանի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի երիտասարդի:



Ինչպես Իջևանից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խմբերը՝ Ոստիկանության մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանի և Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Ստեփան Մելքոնյանի գլխավորությամբ:
Տեղում են եղել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:


Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը 30-ամյա Խորեն Հովհաննիսյանն էր: 
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ Խ. Հովհաննիսյանը հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրից:


Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանները պարզել են, որ այդ օրը նշված ռեստորանային համալիրում նրա և Հունան Թամամյանի և ևս չորս անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Հ. Թամամյանը դանակով հարվածել է Խ. Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ մասին, որը պատճառ է դարձել մահվան: Բոլորն էլ եղել են Իջևանի բնակիչներ:


Փաստի առթիվ Ոստիկանության քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:


Հ. Թամամյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:


Գ. Շամշյանը հայտնում է, որ այս պահին ձեռնաշղթայված վիճակում սպանության վայր է բերվել Հ. Թամամյանը, ով քննչական խմբին պատմում է դեպքի մանրամասները:

 

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի