Կալիֆորնիական քաղաքը «ստացել է» ԱՄՆ-ի ամենամեծ սնանկ քաղաքի կոչումը
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սթոքթոն քաղաքը դիմել է դատարան՝ պարտատերերից պաշտպանվելու համար: Այս որոշումը կայացրել է քաղաքային խորհուրդը: San Francisco Chronicle-ի տվյալներով՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սթոքթոնում ապրում է 292,000 մարդ, այն ԱՄՆ պատմության մեջ դարձել է խոշորագույն սնանկ քաղաքը:
Ինչպես նշվում է դատական հայցի մեջ, քաղաքի պարտքը հասնում է 1 միլիարդ դոլարի: Դրա ակտիվները նույնպես շուրջ 1 միլիարդ դոլար են: Որպես 2 հիմնական պարտատեր, հայտարարությունում նշվում են պարտատոմսեր պահողները և քաղծառայողները:
Քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ դատական հայցի քննարկման ընթացքում, Սթոքթոնը կսառեցնի պարտքերի վճարումը, ինչպես նաև կկրճատի պետաշխատողների աշխատավարձերը և թոշակառուների սոցիալական արտոնությունները: Միևնույն ժամանակ քաղաքի բնակիչներին հավաստիացրել են, որ առօրյա կյանքում նրանք ոչ մի փոփոխություն չեն զգա:
Նշենք, որ Սթոքթոնի ֆինանսական վիճակը սկսեց վատանալ 2008թ-ին, երբ ճգնաժամը «հարվածեց» անշարժ գույքի շուկան:









