Արագածոտնում 5 հոգու համար նախատեսված «ՎԱԶ 21013»-ի շրջվելու արդյունքում 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Աշտարակ-էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Օշական գյուղի մոտ, 35-ամյա Սարգիս Մաթևոսյանը, վարելով «ՎԱԶ 21013» մակնիշի 61 ՍՕ 825 համարանիշի ավտոմեքենան, դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ 34-ամյա Արման Բալայանը, 33-ամյա Ալետա Թումասյանը, 3-ամյա Գևորգ Մաթևոսյանը, 8-ամյա Արաքսյա Մաթևոսյանը, 6-ամյա Մարիամ Մաթևոսյանը, 3-ամյա Արմինե Բալայանը, 29-ամյա Գայանե Մաթևոսյանը, 8-ամյա Վաչագան Բալայանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներըև տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ավելի ուշ Սարգիս Մաթևոսյանը և Արման Բալայանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Գևորգ Մաթևոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Աշտարակի քննչական բաժանմունքի կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը:
Քննիչի հանձնարարականով նշված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Աշտարակի բաժանմունքի հատուկ պահպանման տարածք:
Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:









