Ասանժը հրաժարվել է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով փորձում է Էկվադորում ապաստան ստանալ, բրիտանական ոստիկանության հանձնվելու պաշտոնական պահանջին ժխտական պատասխան է տվել, հաղորդում է BBC-ն:
Ասանժը ներկայում գտնվում է Էկվադորի դեսպանատանը սպասելով Էկվադորի իշխանությունների որոշմանը:
«Իմ ժխտական պատասխանը ոչ մի կերպ չի կարելի որպես անհարգալից ժեստ որակել»,- ասվում է Ասանժի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա դատապաշտպան Սյուզան Բեննը:
«Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում ապաստան տրամադրելու օրենքը առավելություն ունի տարհանձնման օրենքի նկատմամբ», - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Ասանժը փորձում է ապաստան ստանալ Էկվադորում, որ խուսափի Շվեդիա տարհանձնումից: Մեծ Բրիտանիայում մի քանի դատական լսումներից ու բողոքարկումներից հետո որոշում էր կայացվել ավստրալացի լրագրողին արտահանձնել Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Նա հերքում է մեղադրանքները և պնդում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են իր հիմնած կայքի գործունեության հետ:









