Ցուկերբերգի գրասենյակում «ծաղկում» է սեքսիզմը
Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ միլիարդատեր, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի նախկին աշխատակցուհին` Քեթրին Լոսեն, Facebook ընկերության աշխատանքները «գաղտնազերծող» գիրք է հրատարակել, հայտնում է Life News-ը:
«Տղուկ թագավորներ» աշխատությունը վաճառքի է հանվել երեքշաբթի և արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել: Լոսեն մեղադրում է 27-ամյա գործադիր տնօրենին կանանց նկատմամբ ոտնձգությունների ու աշխատանքային կոլեկտիվում «ծաղկող» սեքսիզմի վրա աչք փակելու մեջ:
Լոսեն աշխատել է Facebook-ի հաճախորդների հետ տարվող աշխատանքների բաժանմունքում, 2005թ.-ին: Այնուհետ սկսել է հանրային ելույթների տեքստեր գրել անձամբ Ցուկերբերգի համար: Հեղինակի խոսքով` Ցուկերբերգն աշխատակիցների համար հատուկ «դրես-կոդ» է սահմանել, որը հիշեցնում է նրա անձնական ոճն ու հագուստի հարցում նախընտրությունը:
«Աղջիկները պետք է իրենց նվիրվածությունը ցուցադրեին Մարկի հանդեպ` կրելով նրա պատկերով հագուստներ, իսկ տղամարդիկ պետք է «դառնային» Մարկ` գնելով միայն այն բրենդները, որոնք նախընտրում է միլիարդատերը»,- գրել է Լոսեն:
Նրա համոզմամբ` տղամարդ աշխատակիցները մշտապես ոտնձգություններ են թույլ տվել կին աշխատակիցների նկատմամբ` բացահայտ կերպով առաջարկելով սեռական հարաբերություններ:
«Երբ կանանցից մեկը դժգոհել է Մարկին, նա այնպիսի դեմք է ընդունել, թե իբր չի հասկանում ինչի մասին է խոսքը»,- գրել է նախկին աշխատակցուհին:
Լոսեն ընկերությունը լքել է 2010թ.-ին: Facebook-ի ներկայացուցիչները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել սկանդալային բացահայտումները:









