Առողջապահության նախարարը ցավակցել է Վահե Ավետյանի հարազատներին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և նախարարության ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին: «ՀՀ առողջապահության նախարարությունում խորին վշտով տեղեկացանք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում գիտակցության չգալով մահացել է ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանը»,- նշված է ցավակցական խոսքում: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:









