Բունդեսթագը «կանաչ լույս» տվեց Գերմանիայի մասնակցությունը ԵՄ բյուջետային պակտին
Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարանը) հունիսի 29-ին հավանություն է տվել ԵՄ բյուջետային պակտին և Եվրոպական կայունացման մեխանիզմին` Գերմանիայի մասնակցությանը:
Պակտին կողմ է հանդես եկել 491 պատգամավոր, դեմ` 111-ը. 6-ը ձեռնպահ են եղել: Եվրոպական կայունացման հիմնադրամին մասնակցությանը կողմ է եղել 493 պատգամավոր, դեմ` 106, ձեռնպահ` 5:
Նախքան քվեարկությունը Բունդեսթագում կառավարական հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Այսօրվա որոշումը հստակ ազդակ կլինի ամբողջ աշխարհին, որ մենք պաշտպանում ենք եվրոն», - հայտարարել է նա:
Կանցլերի կարծիքով, տվյալ քայլը Եվրոպային կօգնի ավելի արագ հաղթահարել ճգնաժամը:
Սարկոզի-Մերկել բյուջետային պակտը ԵՄ մարտյան գագաթաժողովին ԵՄ 27 երկրներից 25-ի աջակցությունն էր ստացել, հրաժարվել էին միանալ միայն Մեծ Բրիտանիան և Չեխիան:
Փաստաթղթի նպատակն է, ԵՄ բոլոր երկրներին պարտավորեցնել պահպանել բյուջետային կարգապահության «ոսկյա կանոնը»` երկրի բյուջեի կառուցվածքային դեֆիցիտը չպետք է գերազանցի անվանական ՀՆԱ-ի 0.5 տոկոսը:
Պետպարտքի ցածր մակարդակով երկրների համար այդ շեմը կարող է բարձրացվել մինչև անվանական ՀՆԱ-ի 1 տոկոսը:
Բացի այդ, խախտող պետությունների համար ավտոմատ պատժամիջոցների համակարգ է նախատեսված:
Եվրոպական կայունացման մեխանիզմը պետք է ուժի մեջ մտնի հուլիսից և փոխարինի Եվրոպական կայունացման հիմնադրամին, որի հաշիվների վրա մոտ 240 մլրդ եվրո է մնացել:
Վերջինը, սակայն, Եվրոպական կայունացման մեխանիզմի հետ զուգահեռ կգործի մինչև հաջորդ տարվա հունիս:
Նախատեսվում է, որ Եվրոպական կայունացման մեխանիզմի ընդհանուր ծավալը կկազմի 700 մլրդ դոլար, որից 620 միլիարդը` եվրոպական երկրների երաշխիքներով, իսկ 80 մլրդը` եվրոգոտու պետությունների ներդրումներն են:
Այդ գումարի մեկ երրորդ մասը Գերմանիան է հատկացնում:









