Այ ժողովուրդ, չի կարելի լռել, չի կարելի. Facebook-ում ակտիվորեն քննարկվում է Վահե Ավետյանի մահվան լուրը

01:13 • 30.06.12

Facebook սոցիալական կայքում ակտիվորեն քննարկվում է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան ցավալի լուրը: Օգտատերերը իրենց ցավակցությունն են հայտնում Վահեի հարազատներին ու ընտանիքին, և իրենց զայրույթը հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ: Facebook-ում ստեղծվում են նաև տարբեր խմբեր, որոնցում հիմնականում քննարկվում են տեղի ունեցածին ինչ-որ ձևով արձագանքելու միջոցներ: Ստեղծված խմբերից ամենաակտիվը թերևս «Պահանջում ենք փակել Հարսնաքար ռեստորանը և նրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին զրկել ԱԺ պատգամավորության մանդատից» խումբն է, որում կեսգիշերի դրությամբ արդեն իսկ գրանցված էր շուրջ 750 մասնակից: Մեկ այլ խումբ էլ, որը նույն ժամի դրությամբ ուներ շուրջ 100 մասնակից, անվանվել էր «Մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի», որտեղ կոչ էր արվում արդեն այսօր՝ հունիսի 30-ին ժամը 21-ին հավաքվել Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ՝ մասնակցելու մոմավառության:



Թեև, ավելի վաղ հայտնել էինք, որ Doctors.am տեղեկատուի Facebbook-ի էջում արված հայտարարությամբ տեղեկացվում էր, որ մոմավառությունը նախատեսվում է Մաշտոցի պուրակում, այնուամենայնիվ վերը նշված խմբերի մասնակից օգտատերերը ավելի հակված են «Հարսնաքարի» մոտ մոմավառություն կազմակերպելուն:

Նշենք նաև, որ Facebook-ի մեծ թվով օգտատերեր իրենց հիմնական լուսանկարը փոխարինել են Վահե Ավետյանի լուսանկարով:

Ստորև ներկայացնում ենք մի քանի օգտատերերի արձագանքներ:



«Աննկարագրելի վիշտ է, ցավակցում եմ ծնողներին, ընտանիքին, քրոջը; Մեր հասարակությունը պետք է ինչ որ ձևով ընդվզի:Ինչ երեսով մենք պիտի նայենք Վահեի ծնողների, կնոջ, երեխաների ու հարազատների աչքերին:
Այ ժողովուրդ, չի կարելի լռել, չի կարելի, ոնց եմ հուսահատվում անզորությունից»,- գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:



«Մեր գոյությունը դարձրին համատարած պայքար, երբ էս կարճատև կյանքը պարզապես գեղեցիկ ապրելու համար է։ Բայց՝ ոչ սրիկայությունն ու անբարոյականությունը լցվել են մեր տները, տրորում են մեր արժանապատվությունն ու մարդային տեսակը, մեր արմատը։ Անզորությունից մեկը կախվում է, մյուսը պառկում հրապարակի մեջտեղը, մյուսը՝ հրկիզվում, շատերը՝ թքում-հեռանում։ Սա ապրելու կերպ չի, սա լռելու պահ չի, սա հաշտվելու բան չի։ Այո, իրավոնքի և արժանապատվության համար ԸՄԲՈՍՏԱՆԱԼ է պետք, ԸՄԲՈՍՏԱՆԱԼ համազգային ըմբոստացումով։ Իսկ շատերն իրենց իրավունքն ու արժանապատվությունը 10000 դրամ գնահատեցին։ Ընբոստանալ հանուն Հայաստանի, հանուն արժանապատվության, հանուն մարդ մնալու, հանուն սեփական երկրում գլխիկոր չապրելու»,- գրել է դաշնակցական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։



«Երբ հայ զինվորը սպանվում է թուրքի կողմից, բոլոր կողմերից լսվում են հայտարարություններ թուրքին պատժելու անհրաժեշտության մասին: Իսկ ահա երբ Հայաստանի մայրաքաղաքում հայ սպան մահանում ա ծեծի արդյունքում, թուրքի մահը պահանջողների բանակի մի մասը անցնում է խորն ընդհատակ, կամ սկսում է հայտարարել, որ «իրենք վստահ են, որ բոլոր մեղավորները կպատժվեն ու վերջ», դրանով իսկ բացահայտելով իրենց կապը Հայաստանում իշխող քրեա-օլիգարխիկ ռեժիմի հետ...»,- գրել է օգտատեր Արգիշտի Կիվիրյանը:



«Ուրեմն այսուհետ, ով, որ իմացությամբ կամ չիմացությամբ հարսանիքի, քեֆի, կնունք, ծնունդի համար կմտնի Հարսնաքար(ներ) հաց ուտելու, պիտի հիշի, որ այնտեղ հայ բժիշկ սպա են ծեծելով սպանել.... Բոլոր խոսքերն ասվել են: Այսպիսով մեզ լրացուցիչ անգամ հիշեցրին, թե ովքեր են իրականում տիրում երկրին, մարդկանց»,- գրել է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:



Լրագրող Գոհար Վեզիրյանն էլ գրել է. «Բոլորիս մեջ մի մասնիկ է մահացել Վահեի հետ:Նրան սպանողները բոլորիս մեջ են ինչ-որ բան սպանել»:

 

«Մահացավ հայ սպա, բժիշկ Վահե Աեվտյանը: Մահացավ բացարձակ անիմատ մահով, սպանվեց բացարձակ անասունների կողմից: Բոլորս մնացինք մեր տեղերում: Բան չփոխվեց Հայաստանում: Ոչ մի քար չշարժվեց տեղից: Երկինքն անտարբեր անձրեւում է: Հարսնաքար ռեստորանը չի դատարկվելու այցելուներից: Թուրքական կլկլոցի տակ հայերը չեն դադարելու իրենց քեֆն անել մարդասպանի "օբեկտում": Գլխավոր պատասախնատուն մնալու է երկրի նախագահի պաշտոնում: Նույնիսկ մարդիկ են գտվելու, ովքեր վիճարկելու են, թե գլխավոր պատասխանատուն նա է, եւ ասելու են, թե ով այդպես է գրել քաղաքականացնում է հարցը: Մտավորականությունը բառբառելու է օլիգարխիայի դեմ: Այս ստատուսն էլ լրացնելու է բազմաթիվ նման բովանդակությամբ ստատուսների թիվը, ու մոռացվելու է մի քանի օր անց: Չգիտեմ էլ ինչ գրեմ կամ ավելացնեմ: Մարդը կյանքից գնաց 35 տարեկանում, որովոհտեւե սպորտային հագուստ էր հագել, ի՞նչ կարող ես ասես, որ համարժեք լինի իրավիճակին»,- գրել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:



 Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ՝ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ: