Վիշտ և ցասում. «Հարսնաքարի» մոտ կայացավ մոմավառության ակցիան (լուսանկարներ, տեսանյութեր, թարմացված)

23:59 • 30.06.12

«Օլիգարխ մարդասպան», Հանցաքար», «Սպանդանոց» ահա այս գրությունները այսօր իրենց հետևից թողեցին «Հրասնաքար» ռեստորանային համալիրի շուրջը հավաքված մոմավառության ու ակցիա մասնակիցները: Նրանց մեջ էինայնպիսի քաղաքական ու հասարական դեմքեր, ինչպիսիք են՝ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը, բնապահպան ակտիվիստներ, արվեստագտներ ու հասարակ քաղաքացիներ: Նրանց թիվը հասնում էր մի քանի հարյուրի:

 

Հիշեցնենք, որ մոմավառությունը նվիրված էր հունիսի 17-ին նույն ռեստորանում ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին, ով մահացավ երեկ երեկոյան:

Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս նախագահական համակարգը սպառել է իրեն և դրանից պետք է ձերբազատվել: Նա նշեց, որ այս երկրում ամբողջական իշխանափոխություն է անհրաժեշտ:



«Ուրիշ կերպ չեմ պատկերացնում այս երկրի նոր շունչ ստանալը և ժողովրդակավարական կարգերի հաստատումը»,-ասաց նա:


Հարցին, թե արդյոք հավատում է, որ մեղավորները կպատժվեն, նա պատասխանեց, որ այդքան լավատես չէ:

«Կարծում եմ, որ սա այն դեպքն է, որ գոնե այս անգամ իսկապես իշխանությունները հասկանան, որ սա շատ լուրջ հետևանքների կարող է բերել հասարակության շրջանում: Որպեսզի իրենք չքաղքականացնեն ու չբարդացնեն իրավիճակը, լավ կլինի որ, սա որպես օրինակելի դեպք, ամբողջությամբ բացահայտվի: Մենք չպետք է թույլ տանք, որ այսպիսի բաները կուլ տան»,-ասաց նա և ավելացրեց, որ հասարակությունը պետք է ակտիվանա ու իր իրավունքների տերը դառնա, քանի որ այլ ճանապարհ չկա:

 

Բուժքույր Նազիկը այսօր «Հարսնաքար» ռեստորանի մոտ «Ես Վահե Ավետյան եմ» պաստառը ձեռքին արտասվում էր, քանի որ վերհիշում էր, թե ինչպես է ռազմի դաշտում՝ 1992թ-ին ծանոթացել բժիշկ Վահեի հետ:
«Նա մարդ էր, Մարդ: Լավ բժիշկ էր: Այսքան բանից հետո եթե պետք լինի մենք ոնց ենք գնալու սահման ու վիրակապ դնելու, մեզ կոտրեցին»,-ասաց նա:



Վահե Ավետյանի հետ նույն հիվանդանոցի նույն բաժնում աշխատող բույժքույրերից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ եթե հիվանդին դեղ էր պետք լինում, սակայն ի վիճակի չէր լինում գնել, Վահեն ինքն էր գնում ու տալիս նրան:

Մոմավառության մասնակիցներին թեև դժվարությամբ, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս, բայց հնարավոր դարձավ մոտենալ ռեստորանի մոտքերին:
Պարզվեց, որ ռեստորանում հարսանիք է, ինչը բարկության ալիք բարձրացրեց բոլոր հավաքվածների շրջանում և նրանք սկսեցին վանկարկել՝ «Ամոթ», «Դուրս եկեք»: Սակայն ներսից գրեթե արձագանք չեղավ:

Քիչ անց «Հարսնաքար»-ից դուրս եկան Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը: Նրանք կոչ արեցին հավաքվածներին հեռանալ՝ խոստանալով, որ օրենքի ողջ խստությամբ կպատժվեն բոլոր մեղավորները: Սակայն երբ հավաքվածները փորձեցին ներս մտել ռեստորան, ներսից դուրս եկան մի քանի շարք կարմիր բերետավորներ և սկսեցին հետ հրել ժողովրդին:


Ի վերջո ոստիկանության ներկայացուցիչներն ու ակցիայի կազմակերպիչները համաձայնության եկան և որոշում կայացվեց ակցիան շարունակել հուլիսի 1-ին ժամը 13-ին նախագահական նստավայրի առջև:


Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:
 

 Լուսանկարները՝ Panarmenian Photo-ի