Մեր հասարակության մեջ անգամ երեխայի մոտ էթիկայի նորմերը ի սպառ բացակայում են. Կարեն Քոչարյան
Մեր հասարակության մեջ անգամ երեխայի մոտ էթիկայի նորմերը ի սպառ բացակայում են: Նման կարծիք այսօր հայտնեց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված զինվորական հոսպիտալի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահվան դեպքին:
«Այսօր մենք ապրում ենք ջունգլիների օրենքներով և այս ազգը մաուգլի է դարձել: Ես շատ ուրախ եմ, որ շախմատը մտավ դպրոց, բայց պարտադիր է նաև էթիկա դասավանդել դպրոցներում»,-ասաց նա:
Նա նշեց, որ տարօրինակ է, որ այսօր ցանկացած պաշտոնյա թիկնապահ է վարձում և վախենում այն նույն ժողովրդից, որը իրեն է ընտրել:
Կարեն Քոչարյանը նշեց, որ հասարակության իմունիտետը ընկել է և անտարբերության մթնոլորտն է տիրում:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ՝ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:









