Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում
Այսօր Ավստրալիայի քաղաքացի 49-ամյա Պեննի Փելֆրին սկսել է իր խիզախությամբ չտեսնված մի արարք, նա լողում է Կուբայից մինչև ԱՄՆ Ֆլորիդայի ափեր:
Երեք երեխաների մայր և երկու թոռների տատիկ Փելֆրին պատրաստվում է հաղթահարել իր նախորդ ռեկորդը և 166 կմ ջրային տարածությունը լողալով հաղթահարել 50 ժամում:
Փելֆրին որոշել է հրաժարվել շնաձկներից պաշտպանող վանդակից:
Լողորդուհուն չի անհանգստացնում սեփական տարիքը: Երկնագույն լողազգեստով և գորշ գլխարկով նա իրեն հրաժեշտ տալու եկած լրագրողներին խոստովանել է, որ մի փոքր հուզվում է, սակայն ծովը տաք է, իսկ եղանակը հրաշալի և այդ պատճառով նա համոզված է իր հաջողության հարցում:
Կինը 2011թ.-ին աշխարհի ռեկորդ էր սահմանել, Կարիբյան ծովում 109 կմ լողալով: Նա այդ ժամանակ ևս հրաժարվել էր պաշտպանիչ վանդակից` իր հետ նա վերցրել էր միայն էլեկտրական պարպումներ ապահովող համակարգ, որը վանում է շնաձկներին:
«Մենք շնաձկներին չենք պարտաստվում սպանել: Մենք սիրում ենք օվկիանոսը», - ասել է Փելֆրին ծովը մտնելուց առաջ:









