Դուք չեք կարող պատկերացնել իմ ապրումները. Ռուբեն Հայրապետյան

17:59 • 30.06.12

Tert.am-ի թղթակցին հաջողվեց կապվել ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ և ,Հարսնաքարե ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ` ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան փաստը մեկնաբանելու խնդրանքով: Նա հրաժարվեց հարցազրույց տալ` ասելով. «Ի՞նչ մեկնաբանեմ: Ինչպե՞ս մեկնաբանեմ: Անմեղ մարդու դիակը տանը դրած՝ ուզում եք, որ ես ինտերվյո՞ւ տամ: Ուզում եք ասեմ, որ բոլոր մեղավորները կպատժվե՞ն. իհարկե կպատժվեն, օրենքի ողջ խստությամբ կպատժվեն: Բայց ի՞նչ դրանից, կվերադարձնե՞նք Վահեին, իհարկե չենք կարող: Ի՞նչ պիտի ասեմ նրա ընտանիքին: Դուք չեք կարող պատկերացնել իմ ապրումները… Ի վիճակի չեմ խոսել, մի քանի օրից զանգեք»:

 

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ: