Պայքարը մեր հասարակության համար դարձել է «քլիք». Վահե Ավետյանի հուղարկավորության հանրային հանձնաժողովը որոշեց անելիքները (ֆոտո)
Հանրությանը իրազեկել երկուշաբթի Վահե Ավետյանի հուղարկավորության տեղի, ժամի ու երթուղու մասին, այցելել սպանվածի ընտանիքին՝ցավակցելու և հուղարկավորությանը հանրության մասնակցելու հետ կապված գործողությունները համաձայնեցնելու նպատակով, իսկ հուղարկավորությունից հետո կազմակերպել սգո երթ՝ այս մասին նախապես տեղեկացնելով հանրությանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կամ թռուցիկների միջոցով:
Ահա այս քայլերի ցանկն է քննարկվել և հաստատվել այսօր ժամը 17:00-ին Ազատության հրապարակում` Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողովի կողմից, որը պետք է համակարգի «Սարդարապատ» շարժման առաջարկով Վահե Ավետյանի հուղարկավորությունը համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման վերածելու հայտարարված գործընթացը:
Հիշեցնենք, որ երեկ տարածած հայտարարությամբ «Սարդարապատ» շարժումը կոչ էր արել «արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին համախմբվել»:
Վահե Ավետյանի հուղարկավորությանը մասնակցել ցանկացողների համար հայտարարվեց, որ այն տեղի կունենա Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 81 հասցեից:
Հանձնաժողովի 17 անդամների կազմում են Գարեգին Չուգասզյանը, Եղիա Ներսիսյանը, Ստեփան Դանիելյանը, Լիլիթ Գալստյանը, Անահիտ Բախշյանը, Արծրուն Պեպանյանը, Երվանդ Մանարյանը, Զարուհի Մուրադյանը, Նվարդ Մանասյանը, Աշոտ Գևորգյանը, Ժաննա Ալեքսանյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Վարդգես Գասպարին և այլոք:
Հանձնախումբն իր վրա է վերցնում նաև հետագա գործընթացները՝ «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցները դատավարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը, որպեսզի գործը հասցվի մինչև վերջ և բոլոր մեղավորները արժանի պատիժ ստանան:
Նշենք, որ հանձնաժողովի անդամների մի մասը իր՝ հանձնաժողովում ընդգրկվելու համաձայնությունը տվել է հեռախոսով և տարբեր պատճառներով Ազատության հրապարակում չէր, իսկ քննարկման մասնակիցների թիվն, առհասարակ, այսօր չի գերազանցել երեք տասնյակը:
ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին Tert.am-ին տված հարցազրույցում ցավով նշեց, որ պայքարը մեր հասարակության համար դարձել է «քլիք»: Այսինքն, «այսինչ խմբին մի հատ «լայք» են անում ու համարում են, որ իրենց բողոքն արտահայտել են: «Հարսնաքարի» մոտ մոմավառության ֆեյսբուքյան ակցիային 1700 մարդ էր միացել, մինչդեռ ոչ վիրտուալ միջոցառումներին քսան մարդը չի գերազանցում»,-ասաց ՀԱԿ ակտիվիստը:
Ի տարբերություն, Ժիրայր Սեֆիլյանը ավելի լավատես է և օր օրի զգում է պայքարողների քանակի ավելացումն ու հետևաբար՝ առաջընթացը: «Եթե մի քանի տարի առաջ նման դեպքում մեծ մասը ձայն չէր հանում, հիմա արդեն գիտակից խավը հասունացել է»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Ի դեպ, Վարդգես Գասպարին այսօր Ազատության հրապարակ էր եկել մի ցուցապաստառով, որը նա փակցրեց Հովհաննես Թումանյանի արձանի պատվանդանին: Ցուցապաստառի մի հատվածին գրված է՝ «Ամո՛թ հանցաշխարհը սպասարկող վախկոտ, անողնաշար և մորթապաշտ ոստիկանությանը», մյուս հատվածում՝«ամո՛թ մարդասպան Հայրապետյանի և խուլիգան Ալեքսանյանի ՀՀԿ կուսակիցներին»:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ:









