Եգիպտոսը ջանք չի խնայի Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու հարցում. Մուրսի

03:08 • 01.07.12

Եգիպտոսը ամեն ջանք կներդնի, որ Սիրիայում կանգնեցվի արյունահեղությունը, երեկ հայտարարել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, Կահիրեի համալսարանում առաջին նախագահական ելույթով հանդես գալով քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, հասարակական գործիչների առջև, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Եգիպտոսը աջակցում է սիրիացի ժողովրդին և ջանք չի խնայի, որ դադարեցվի արյունահեղությունը: Մենք այդ ուղղությամբ կաշխատենք», - ասել է Մուրսին:


Նա նաև նշել է, որ Եգիպտոսը պաշտպանում է պաղեստինյան ժողովրդի օրինական իրավունքները և իրենից կախված ամեն բան կանի միջպաղեստինյան հաշտության հասնելու համար:


Մուրսին հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ կմնա բոլոր միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին, Արաբական երկրների լիգայի կառուցվածքային բարեփոխումներին կողմ հանդես կգա, կշարունակի միջարաբական համագործակցությունը և կակտիվացնի միջարաբական պաշտպանության համաձայնագրի հաստատումը:


Միևնույն ժամանակ, Մուրսին խոստացել է, որ Եգիպտոսը չի զբաղվի «հեղափոխությունների արտահանմամբ», սակայն նաև թույլ չի տա արտաքին միջամտություն իր ներքին գործերին: