Ռուսաստանը պատրաստ է իր տեղեկությունները տրամադրել Սիրիայի կողմից ոչնչացված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ
Ռուսաստանը սեփական հսկման օբյեկտիվ տեղեկություններն ունի Սիրիայի կողմից խփված թուրքական ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ, և Մոսկվան պարտաստ է դրանք տրամադրել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ժնևում կատարած հայտարարությունը:
«Մենք հսկման օբյեկտիվ տեղեկություններ ունենք: Մոսկվան պատրաստ է այդ տեղեկությունները տրամադրել», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Միևնույն ժամանակ ՌԴ նախարարը շեշտել է, որ միջադեպի հետաքննման և հետևությունների ձևակերպման հիմնական աշխատանքը պետք է իրականացնեն դրա անմիջական մասնակիցները՝ Թուրքիան և Սիրիան:
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս աջակցել է այդ միջադեպը հետաքննելու առաջարկին:
«Ներկայում կարևորն այն է, որ չթույլատրվի միջադեպը օգտագործել այս կամ այն ուղղությամբ հրահրելու համար», - նշել է Լավրովը:









