Սիրիայում անցումային կառավարություն պետք է ստեղծվի

05:14 • 01.07.12

Երեկ Ժնևում միջազգային համաժողովի մասնակիցները հանդես են եկել Սիրիայում բոլոր ուժերի ներգրավմամբ անցումային կառավարության ստեղծման օգտին, հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը, ում ժնևյան մամուլի ասուլիսի հայտարարություններն է մեջբերում «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«Առանցքային քայլերը ենթադրում են անցումային կառավարական մարմնի ստեղծում, որը կարող է համապատասխան միջավայր ստեղծել… Դա նշանակում է, որ ժամանակավոր անցումային կառավարությունը ամբողջովին պետք է կատարի իր պարտավորությունները, և այն պետք է ներառի ներկա կառավարությունը, և ընդդիմությունը, և այլ խմբեր: Այն պետք է կազմավորվի փոխադարձ իրավունքների պաշտպանման հիմքի վրա», - ասել է Անանը:


«Մենք ապագայի հեռանկար ենք առաջարկել, որը կարող է բաժնեկցվել Սիրիայում բոլորի կողմից` իրական ժողովրդավարական և բազմակարծիք երկիր, ազատ ընտրություններով, մարդու իրավունքների և օրենքի տառի նկատմամբ հարգանքով, բոլորի համար հավասար հնարավորություններով», - ավելացրել է դիվանագետը:


Նրա խոսքով, արյունահեղությունը պետք է դադարեցվի, կողմերը պետք է շարունակեն հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը: