Ոստիկանական պաշտպանություն վրացական իշխանություններին. НГ
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլին այսօր խորհրդարանին կներկայացնի կառավարության նոր կազմն ու ծրագիրը: Ինչպես գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն, Թբիլիսիում այս նշանակումը կապում են աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Շատերը համոզված են, որ կառավարության կազմում վերադասավորումներին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դրդել է օրեցօր իր ազդեցությունն ամրապնդող ընդդիմությունը:
Վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ նախագահը վախենում է, մասնավորապես, ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ազդեցության մեծացումից, այդ իսկ պատճառով ստիպված է միջոցառումներ ձեռնարկել ընտրություններին ընդառաջ:
«Մերաբիշվիլին առանց այդ էլ ուներ այնպիսի իրավունքներ, ինչպիսին ունի վարչապետը, և այդ մասին բոլորը գիտեին, իսկ այժմ նա պատասխանատու կլինի նաև ողջ կառավարության համար»,- ասել է փորձագետը:
Ըստ նրա` գլխավոր ինտրիգն այն է, թե ներկայում ով է գլխավորելու Ներքին գործերի նախարարությունը:
Վրացական խորհրդարանի եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիդ Դորչիաշվիլին թերթին պարզաբանել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի լիազորությունների մի մասը կփոխանցվի խորհրդարանին, իսկ մի մասն էլ` 2013թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններն արվել էին դեռ 2010 թ.-ին:
Ըստ նրա` Մերաբիշվիլիի նշանակումը վարչապետի պաշտոնում անցումային ժամանակահատվածում կարելի է գնահատել որպես նախագահի կողմից երկրի անվտանգությունը բարձրացնելուն միտված քայլ:
«Սա հատկապես կարևոր է այն պարագայում, երբ երկրի տարածքների 20 %-ը գրավված է հարևանի կողմից»,- ասել է Դորչիաշվիլին:
Պատգամավորի խոսքով` Մերաբիշվիլին, ով բարեհաջող պայքար է մղել կազմակերպված հանցավորության դեմ, և ում օրոք ոստիկանության հանդեպ վստահությունն անասելի մեծացել է, ունի այնպիսի հատկանիշներ, որոնք թույլ են տալիս նրան բարձրացնել նաև երկրի անվտանգությունն ընդհանուր առմամբ:
Թերթը մեջբերել է շաբաթ օրը նոր վարչապետին ներկայացնելու ժամանակ Սաակաշվիլիի խոսքերը. «Ես վստահ եմ, որ նա վերջ կդնի գործազրկությանն այնպես, ինչպես դա արեց կոռուպցիայի ու հանցավորության դեմ պայքարում»:









