Չի բացառվում, որ հեռանկարում Մոսկվան ու Թեհրանը կգնան ԼՂՀ ճանաչմանը. ռուս փորձագետ
Չի բացառվում, որ հեռանկարում Մոսկվան ու Թեհրանը կգնան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Այս մասին Մոսկվայում անցկացված «Եվրասիական հեռանկարն ու «չճանաչված» պետությունների քաղաքական, հումանիտար և տնտեսական խնդիրները» թեմայով փորձագիտական լսումների ժամանակ հայտարարել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի «Մերձավոր արևելք- Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը:
«Սակայն «երկու Հայաստանների» ֆենոմենը կարող է ուղեկցվել միայն այսպես կոչված «Մեծ Մերձավոր Արևելքում» լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններով»,- ասել է նա:
Ավելին, նա չի բացառել նաև այն, որ Անդրկովկասում «հայկական կենտրոնը» Երևանից կտեղափոխվի Ստեփանակերտ:
«Իմ դիտարկմամբ` այժմ իրանական արտաքին քաղաքականության մեջ ձևավորվում է անդրկովկասյան ուղղություն, որը մոտ ապագայում կմատուցի ոչ քիչ անակնկալներ»,- ասել է քաղաքագետը` հավելելով, որ միայն դրանից, ինչպես նաև Մերձդնեստրի անկախության ճանաչումից հետո, նպատակահարմար կլիներ վերակենդանացնել Ղարաբաղի ու Մերձդնեստրի միավորման գործընթացը չճանաչված պետությունների որևէ դաշինքում: Նրա խոսքով` ժամանակին նման գործընթաց եղել է:
«Այդ ժամանակ Ղարաբաղը դուրս եկավ այդ գործընթացից, սակայն այժմ կարելի է ենթադրել դիրքորոշումների փոփոխություններ, քանի որ Ռուսաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման դեպքում նրա շուրջ կձևավորվի Հայաստանի նոր կենտրոն և կծնվի նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիա` Ռուսաստանի ներկայության տարբերակով»,-ասել է Տարասովը:









