Ոռոգման ջուր, միջգյուղական ճանապարհների վերանորոգում, աշխատատեղեր. Աշնակ գյուղի հիմնախնդիրները

16:03 • 08.07.12

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը ունի շուրջ 1500 բնակիչ և 400 ծուխ: Գյուղում հիմնովին փակված տները քիչ են: Համայնքի ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ դրանք 1-2%-ն են կազմում: Նա միաժամանակ նշեց, որ շատ են այն մարդիկ, ովքեր սեզոնային աշխատանքներ կատարելու համար մեկնում են արտասահման, բայց հետո նորից հետ վերադառնում:

«Գյուղի առաջնային խնդիրներից է նաև աշխատատեղերի բացակայությունը: Երիտասարդության 90%-ը աշխատանք չունի և երազում է աշխատանք գտնելու մասին: Մեր խնդրանքն ու պահանջն այն է, որ գյուղում մի արտադրամաս ստեղծվի և երիտասարդությունը գնա ու աշխատի»,- ասաց նա:

 

Աշնակցիների ապրուստի հիմնական միջոցը անասպահությունն ու այգեգործությունն է, որով, ինչպես հավաստիացրեց համայնքի ղեկավարը, հնարավոր է լինում «միայն յոլա գնալ»:

 

Կարևորագույն խնդիրներից է այսօր ոռոգման ջուրը, որն արդեն երկար տարիներ աշնակցիների մտահոգության առարկան է:

«Մինչև սովետական միության փլուզումը ոռոգման ջուր էինք ստանում Ախուրյան գետից՝ պոմպակայանով, իսկ այսօր դրա հնարավորությունը չկա: Գարնանը գյուղացին իր հույսը դնում է անձրևների վրա, սակայն այս տարի, ինչպես գիտեք, երաշտ եղավ ու այդ պատճառով Աշնակ գյուղի մոտ 100 հա ցանքից այլևս երբեք հացահատիկ չի քաղվելու: Երաշտի պատճառով արդեն սկսել են չորանալ մեր ծառերը»,- ասաց նա և ավելացրեց, որ բոլորովին վերջերս է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ով խոստացել է հարցին լուծում տալ:

 

Աշնակ գյուղը խմելու ջրի խնդիր ևս ունի՝ ոռոգման ջրի պատճառով: Գյուղացիները ստիպված են իրենց այգիները ջրել խմելու ջրի:

«Այսօր գյուղը մնացել է աղբյուրի հույսին: Խմելու ջուրը ժողովրդին տալիս ենք ժամով, երեք ժամին մի թաղամասին, 3 ժամ մի թաղամասին: Գյուղում խմելու ջրի խնդիր չի լինի, եթե լուծվի ոռոգման ջրի հարցը»,- ասաց նա:

 

Աշնակն այսօր ունի նաև միջգյուղական ճանապարհների ասֆալտապատման խնդիր: Դրանց մի մասի վրա ասֆալտն իսպառ բացակայում է: Հարցը լուծելու համար Գևորգ Մաթևոսյանը դիմել է մինչև անգամ ՀՀ նախագահին: Թեև դեռևս պատասխան չի ստացել, բայց նա լիահույս է, որ առաջիկայում այս հարցը լուծվելու է: Գյուղապետը նշեց, որ մարզպետարանի և գյուղապետարանի միջոցներով գյուղում իրականացվել է միայն փոսալցումների աշխատանքներ: