Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնը
Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում տասնյակ կինոգործիչների և հարյուրավոր հրավիրյալների ներկայությամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որի ընթացքում «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնվեց իսպանացի անվանի ռեժիսոր Վիկտոր Էրիսեին: Նա այս տարվա փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է:
«Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց նաև վրացական կինոյի վարպետ Էլդար Շենգելայային: Փառատոնի բարեկամ կինոռեժիսոր Ռոման Բալայանը նկատեց, որ եթե ժամանակին չլիներ Շենգելայան, ապա Փարաջանովին թույլ չէին տա աշխատել Թբիլիսիում:
«Փարաջանովյան թալեր» մրցանակը պատրաստվում է այն շշի մետաղյա կափարիչի նմուշով, որի վրա Փարաջանովը եղունգով փորագրել է բանտում եղած ժամանակ: Այս պարգևը շնորհվում է կինոյում ունեցած վաստակի համար:
Նույն մրցանակին կարժանանա նաև փառատոնի հյուր չեխ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը (հայ հանդիսատեսին հայտնի է սկանդալային «Լիակատար խավարում» ֆիլմից): Հոլանդից բացի այսօր արդեն փառատոնը իրենց ներկայությամբ կպատվեն համաշխարհային կինոյի այնպիսի անուններ, ինչպիսիք են Վադիմ Աբդռաշիտովը, Ալեքսանդր Սոկուրովը և այլք:
Ինչպես նկատեց փառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը, այս օրերին շատ մեծ անուններ են շրջելու Երևանի փողոցներում. մայրաքաղաքը արժանի է դրան և արժանի է նման կինոփառատոն ունենալուն: Արդեն փառատոնի գլխավոր հովանավոր «Վիվա-Սել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ Խաչատրյանը խոսեց հաջորդ՝ հոբելյանական 10-րդ ու նաև 30-րդ փառատոների մասին:
Բացման արարողությունը վարում էր ֆրանսահայ դերասան ու ռեժիսոր Ժիրայր Փափազյանը:
Փառատոնի բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Շորն ու Շորշոր»-ն էր, որը ներկայացվեց երգահան և երաժիշտ Վահագն Հայրապետյանի երաժշտական ձևավորմամբ:
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պաշտոնատար անձինք:










