Ինչու՞ է ձեզ բոլորիդ թվում՝ դուք անհանգստացած եք սիրիահայերով, սփյուռքի նախարարությունը՝ ոչ. Հրանուշ Հակոբյան
Եթե Սիրիայում պատերազմ հայտարարվի և սիրիահայերին ֆիզիկական վտանգ սպառնա, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ կլինի ամեն ինչով օգնելու նրանց: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Մենք մեր դիվանագիտական ուղիներով, եթե հնարավորություն ունենանք կօգնենք, որ պատերազմը կամ կոնֆլիկտային իրավիճակը այնտեղ դադարի: Բայց մեր խնդիրը ոչ թե Սիրիայից համայնքը քանդել-բերելն է, այլ համայնքն այնտեղ պահելը»,- ասաց նախարարը:
Հարցին, թե այսօր ինչ է անում Սփյուռքի նախարարությունը օրհասական վտանգի առաջ կանգնած սիրիահայերին օգնելու համար, տիկին Հակոբյանը պատասխանեց.
«Ինչու՞ է ձեզ բոլորիդ թվում՝ դուք անհանգստացած եք սիրիահայերով, սփյուռքի նախարարությունը՝ ոչ: Ո՞վ է ասում, որ սփյուռքի նախարարությունը ինչ անում է պետք է հրապարակի: Դուք սիրիահայերին հարցրե՞լ եք նրանց մասին գրելուց առաջ: Արդյո՞ք սիրիահայերը համաձայն են, որ դուք գրեք ու խոսեք իրենց մասին: Ես ամեն օր աշխատում եմ սիրիահայերի հետ և կատարում եմ այն, ինչ իրենք են ուզում: Ես հայտարարություններ չեմ անում, թե ինչով եմ զբաղվում»,- ասաց նա:
Հրանուշ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նաև հավաստիացրեց, որ սիրիահայերը խնդրում են իրենց հանգիստ թողնել, որովհետև իրենք իրենց առաջին հերթին սիրիացիներ են համարում:
«Նրանք ասում են՝ մենք ապրում ենք այս հողի վրա, մենք տուն ունենք, հող ունենք, բնակարան ունենք, բիզնես ունենք: Մենք ուզում ենք, որ օր առաջ այս հողի վրա հանգստություն լինի, կայունություն լինի ու պատերազմը դադարի: Բոլոր լրագրողներին խորհուրդ կտամ գրել բոլոր նրանց դեմ, ովքեր սիրիահայերի հարցը շահարկում են պարբերաբար»,- ասաց նա:
Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ այս տարի Սիրիայից հայրենադարձություն չկա և այնտեղից մարդիկ գալիս են միայն ամառը հայրենիքում անցկացնելու համար: Նա հավաստիացրեց, որ առաջիկա երկու ամսում ավելի շատ սիրիահայերի հնարավոր կլինի հանդիպել:
Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ երկքաղաքացիություն ստանալու համար իրենց է դիմել 2700 սիրիահայ: Ամեն ամիս նրանց որոշակի մասը ստանում է քաղաքացիություն:









