Կուբանի ջրհեղեղի հետևանքով այսօր առավոտյան 8.30 –ի դրությամբ հաղորդվում է միայն երկու հայերի զոհվելու մասին

10:48 • 09.07.12

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «թեժ» գծից Tert.am-ին հայտնեցին, որ Կուբանի ջրհեղեղի հետևանքով այսօր առավոտյան 8.30-ի դրությամբ զոհված հայ քաղաքացիների տվյալները նույնն են և երկուսն են՝ Լիդիա Ստեփանի Շահբազյանը և Հովհաննես Գրիգորի Շահբազյանը:


Ազգությամբ հայ երկու քաղաքացիների մահը հաստատում է նաև Կրասնոդարի երկրամասում ՀՀ հյուպատոսությունը:


Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիների զոհվելու մասին տվյալներ չկան:

 

Հիշեցնենք, որ Կուբան գետի ջրհեղեղի կապակցությամբ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել էր ճշտել որոնողա-փրկարարական աշխատանքներում ՌԴ ԱԻՆ կարիքներն ու դրանց համապատասխան աջակցություն կազմակերպել: Ի նչպես նաև գործուն աջակցություն ցուցաբերել աղետի գոտում հայտնված ՀՀ քաղաքացիներին ու մեր հայրենակիցներին:


ԱԻՆ-ից հայտնեցին, որ տվյալներն ու ցուցակները շարունակվում են ճշտվել:

 

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ ռուսական լրատվամիջոցները հայտնում են նշված աղետի արդյունքում մինչև 171 զոհերի մասին: