Արման Վեզիրյանը հաստատում է, որ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է իր դեմքին

10:20 • 09.07.12

Հայաստանի Հելսինկյան ասոցացիան քիչ հետո հանդես կգա հայտարարությամբ՝ ասոցիացիայի անդամ, լուսանկարիչ Արման Վեզիրյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջև երեկ տեղի ունեցած բախման վերաբերյալ: Այս մասին Tert.am -ին հայտնեց անձամբ Արման Վեզիրյանը:

 


Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ երեկ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ իրականացված մոմավառության ժամանակ Հայրապետյանը հարվածել էր Արման Վեզիրյանին:


Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հայրապետյանը հարվածել է իր դեմքին: Հարցին, թե ինչո՞ւ է հարվածել հե՛նց իրեն, այլ ոչ, ասենք, բողոքի ակցիայի մեկ այլ մասնակցի, Վեզիրյանն ասաց՝ այդ մասին կնշվի հայտարարության տեքստում:


Tert.am-ի հետ զրույցում Արման Վեզիրյանը միայն ասաց հետևյալը, որ ո՛չ իր, ո՛չ Ռուբեն Հայրապետյանի կողմից որևէ վիրավորական արտահայտություն կամ հայհոյանք չի հնչել, և հավելեց.«Ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ես այնտեղ եմ եղել որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան»:

 

Չի բացառվում, որ Արման Վեզիրյանը դիմի դատաբժշկի՝ ուղեգիր ստանալու համար:

 

Տեղեկացնենք, որ Ռուբեն Հայրապետյանի լիազորությունները, որպես ԱԺ պատգամավորի, դեռ պահպանվում են, քանի դեռ վերջինիս հրաժարականի մասին չի հայտարարվել Ազգային ժողովի նիստում և սեփական դիմում ներկայացնելուց 15 օրվա ընթացքում նա հետ չի վերցրել իր դիմումը: