Ատոմ Էգոյանն ասել է, թե ինչու ներկա չի գտնվի «Ոսկե ծիրան»-ին

09:15 • 09.07.12

Երեկ հանդիսավոր ձևով մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը, որը կտևի մինչև հուլիսի 15-ը և այդ օրերին կհյուրընկալի կինոաշխարհի բազմաթիվ հայտնի անունների: Սակայն այս տարի փառատոնին ներկա չի գտնվի պատվավոր նախագահ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը, որպես կանոն, «Ոսկե ծիրանի» օրերին Երևանում է լինում՝ հիմնականում ընտանիքի հետ: Թե ինչու, ինքը ռեժիսորը բացատրել է իր ուղերձում, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Այն, որ հաջորդ տարի մեզ սպասվում է [«Ոսկե ծիրանի»] 10-րդ հոբելյանը, ինձ հիշեցնում է, թե որքան հրաշալի է այս փառատոնը: Ավանդույթով ու այսպիսի հին մշակույթով պարուրված՝ այս փոքրիկ երկիրը գրկաբաց էր աշխարհի առաջ:


Այնքան շատ արտասովոր հուշեր ունեմ փառատոնում անցկացրած իմ տարիներից՝ լեգենդար Կլաուդիա Կարդինալեի հետ հանդիպումից մինչև այնպիսի ընկերների զբաղեցնելը, ինչպիսիք են Վիմ Վենդերսը, Կլեր Դընին, Բելա Թարը և սիրելի Թեո Անգելոպոլուսը, որին կորցրեցինք (տարբեր տարիներին «Ոսկե ծիրանի» անվանի հյուրերը):


Թերևս, իմ ամենաթանկ հուշը վերաբերում է այն տարվան, երբ ես «Երևան» հյուրանոցի ֆոյեում էի՝ մի գիշեր՝ շատ ուշ ժամի: Վերջին խմիչքն էինք վայելում իսլանդացի ռեժիսոր Ֆրեդերիկ Թոր Ֆրեդերիքսոնի հետ: Մի հին հայկական գեղջկական երգ հնչեց, և Ֆրեդերիկը, ասես հրաշքով, սկսեց ձայնակցել: Ասես կարողացել էր շոշափել այն առեղծվածային կապը, որ կամրջում էր իր մշակույթը Հայաստանի հետ (խոսքը 2010-ի «Ոսկե ծիրանի» մասին է, երբ նշվեց նաև Էգոյանի 50-ամյակը, որի ժամանակ նույն Թոր Ֆրեդերիքսոնը նաև երաժշտական կատարում նվիրեց ռեժիսորին):


Փառատոնը այն բոլոր անսպասելի և զորեղ հանդիպումներն են, և ես կխրախուսեի, որպեսզի մեր հյուրերը անձնապես հենց այսպիսի ակնթարթներ ապրեին:


Այս անգին երկիրը հռչակված է իր հյուրընկալությամբ, և խորապես ցավում եմ, որ իմ նկարահանումային գրաֆիկի պատճառով ես ի վիճակի չեմ լինի այս տարի երգել ձեզ հետ Երևանում:

Ատոմ Էգոյան»:


Էգոյանն այժմ ստանձնել է Ամերիկան ցնցած պատմության էկրանավորումը և սկսել է «Սատանայի հանգույցը» ֆիլմի նկարահանումները: