Ռուբեն Հայրապետյանի տան մոտ 5 րոպե լռություն է հայտարարվել, ապա ակցիան ավարտվել է
Վահե Ավետյանի յոթնօրեքին նվիրված ակցիայի մասնակիցներն արդեն հասել են Ռուբեն Հայրապետյանի տան մոտ և ակցիան շարունակվում է այնտեղ:
Ելույթ ունեցավ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով նշեց. «Մենք այնքան ենք շեղվել մեր ազգային արժեքներից, որ չկարողացանք մեր ավանդույթների համաձայն անցկացնել այս մոմավառությունը»:
Նա նաև հայտարարեց, որ հավաքվածները պատրաստ էին լուռ անցկացնել մոմավառությունը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել:
«Այն, որ Մարտի մեկից հետո որևէ մեկի սպանությունը չբացահայտվեց, նշանակում է, որ մարդասպանները մեր մեջ են»,- ասաց նա:
Նա կոչ արեց կանգնել և «սարսափազդու լռությամբ» հարգել Վահե Ավետյանի հիշատակը:
«Մի վիրավորեք ոստիկաններին, անգամ, եթե իրենք ստիպված են կատարել անօրինական հրամանը: Շարժումն այսօր սկսվել է և մենք մեր իղձերի երկիրն ենք ունենալու: Սակայն որևէ ոստիկան մեր թշնամին չի»,- ասաց նա՝ նշելով, որ մեղավորը համակարգն է:
Նա նշեց, որ Վահե Ավետյանը մահացել է տղամարդուն ոչ վայել «ոհմակային տեսքով»՝ մի քանիսը մեկի դեմ և դա վայել չէ հայ տղամարդուն:
«Աղքատ երկրում հարուստ լինելն ամոթ է: Եկեք լռությամբ, հինգ րոպե կանգնենք ոստիկանության դիմաց»,- կոչ արեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա ելույթից հետո հայտարարվեց հինգ րոպե լռություն, ինչի ընթացքում թե երկշարք կանգնած ոստիկանները, թե ակցիայի կազմակերպիչները թիկունքով շրջվել էին դեպի Ռուբեն Հայրապետյանի տունը:
Tert.am-ի թղթակիցը տեղեկացրեց, որ ակցիան ավարտվել է և մասնակիցներն արդեն հեռանում են:









