Կիմ Չեն Ընը հանրությանն է ներկայացել անծանոթուհու հետ

10:55 • 09.07.12

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր պապի` Կիմ Իր Սենի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանն այցելել է 20-30 տարեկան անծանոթուհու հետ: Ինչպես հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, նրանց համատեղ կադրերը ցույց է տվել երկրի պետական հեռուստաընկերությունը:


Հաղորդվում է, որ անծանոթուհին ուղեկցել է Կիմ Չեն Ընին նաև օրեր առաջ` հուլիսի 6-ին կայացած համերգին: Այդ ժամանակ, ինչպես հաղորդել էր The Hankioreh-ը, Հարավային Կորեայի կառավարությունը ենթադրել էր, որ կինը համերգի կազմակերպիչն է: Սակայն հարավկորեական լրատվամիջոցները ենթադրում են, որ նա կամ Կիմ Չեն Ընի փոքր քույրն է` Կիմ Յո Չենը, կամ կինը, կամ էլ սիրուհին: Նման կարծիքի պատճառը նրանց թևանցուկ տեսնելն է:

 

Korea JoongAng Daily-ն` վկայակոչելով Հարավային Կորեայի հետախուզության աղբյուրին, հայտնել է, որ Կիմ Չեն Ընի ընկերուհին հյուսիսկորեացի երգչուհի Հյոն Սոն Վոլն է: Այս տարվա մարտին հյուսիսկորեական հեռուստաընկերությունը ցուցադրել է նրան հղիության ուշ ժամկետում (հաղորդվում է, որ նա ամուսնացած է, բայց չի նշվում` երեխան ումից է):

 

2011թ. տարեվերջից Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ հռչակված Կիմ Չեն Ընի անձնական կյանքի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ, ինչպես նաև ոչինչ հայտնի չէ նրա կրտսեր քրոջ գտնվելու վայրի մասին: